Մատչելիության հղումներ

Իսրայելական երկու հրթիռ հարվածել է Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանին. ԶԼՄ


Իրանը և Իսրայելը շաբաթ առավոտյան փոխադարձ հրթիռային և օդային հարվածներ են փոխանակել:

Օդային տագնապի ազդանշաններ հնչել են Թել Ավիվում, Երուսաղեմում՝ Իսրայելի երկու ամենամեծ քաղաքներում, բնակիչները շտապել են ապաստարաններ։ Իսրայելի բանակը հայտնել է, որ աշխատում են երկրի օդային պաշտպանության համակարգերը։

«Վերջին ժամվա ընթացքում Իրանից հարձակվել են տասնյակ հրթիռներ Իսրայելի վրա, որոնց մի մասը խոցվել է», – ասվում է բանակի վաղ առավոտյան արած հայտարարությունում։

Նշվել է, որ փրկարարական խմբերը աշխատում են մի քանի վայրերում, որտեղ արձանագրվել են հրթիռների հարվածներ, սակայն զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։

Իրանի մայրաքաղաք Թեհրանում մի շարք պայթյուններ են լսվել, հաղորդել է Tasnim գործակալությունը։

Fars գործակալության տվյալներով՝ երկու հրթիռ հարվածել է Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանին, իրանական մեդիան հայտնել է նաև, որ այնտեղ հրդեհներ են բռնկվել։ Այդ օդանավակայանը, որը գտնվում է երկրի կենտրոնին մոտ, նաև ծառայում է որպես ռազմական ավիաբազա՝ կործանիչներով և փոխադրական ինքնաթիռներով։

Իսրայելական մեդիան հայտնել է, որ կասկածելի հրթիռ է ընկել Թել Ավիվում, իսկ Reuters-ի թղթակիցը Երուսաղեմում լսել է բարձր պայթյուն։

Fars գործակալության տվյալներով՝ Թեհրանը շաբաթ առավոտյան նոր օդային հարձակումներ է սկսել՝ ի պատասխան նախորդ գիշերվա երկու ալիքներին։ Այդ հրթիռները թիրախավորել են Թել Ավիվը՝ մինչ լուսաբաց, իսկ պայթյունների ձայներ են արձանագրվել Թեհրանում և Երուսաղեմում։

Թել Ավիվի կենտրոնում բարձրահարկ շենք է վնասվել, մոտակա Ռամաթ Գան քաղաքում բնակելի շենք է ամբողջովին ոչնչացվել։

Իսրայելի շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ ուրբաթ գիշեր Թել Ավիվի շրջանում վիրավորվել է 34 մարդ։ Ոստիկանությունը հայտնել է մեկ զոհի մասին։


XS
SM
MD
LG