Իսրայելը հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին և ռազմական օբյեկտներին ամբողջ երկրում։
23:01
Ուրբաթ ուշ երեկոյան պայթյուններ են լսվում Թել Ավիվի և Երուսաղեմի երկնքում, Իսրայելում հնչում են օդային տագնապի ազդանշանները, փոխանցում է Reuters-ը: Երկրի ռազմական հրամանատարությունը հաղորդում է Իրանի կողմից արձակված հրթիռների մասին:
Իրանի պետական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարյուրավոր բալիստիկ հրթիռներ են արձակվել ի պատասխան Իսրայելի կողմից երկրի տարածքին հասցված հարվածների:
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածների թիրախում Իսրայելի տասնյակ ռազմական օբյեկտներ և օդակայաններ են, և խոստացել է մանրամասներ փոխանցել ավելի ուշ:
20:25
Իսրայելի զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինի հեռուստատեսային ճեպազրույցն ընդհատվել է՝ Իրանի կողմից սպասվող հարձակման պատճառով։
«Սպասվում է հարված Կենտրոնական Իսրայելի ուղղությամբ», - Reuters-ին ասել է Իսրայելի պաշտոնյաներից մեկը։
22:20
Իսրայելը ծանր հարված կստանա Իրանի վրա հարձակման համար, հեռուստաուղերձում հայտարարել է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդը։
«Իրանի զինված ուժերը կգործեն ուժով», - սպառնացել է Ալի Խամենեին՝ հավելելով, թե Իսրայելի հարվածներից զոհված զինվորականներին ու գիտնականներին փոխարինելու են եկել նորերը։
«Իրանի ժողովուրդը կարող է վստահ լինել, որ թշնամին պատասխան է տալու», - ասել է Խամենեին հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում
21:25
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին պատրաստվում է հեռուստաուղերձով դիմել ժողովրդին։
21:21
Ըստ «Մեհր» գործակալության, Իսրայելը նոր հարձակումներ է իրականացրել Թեհրանի մոտակայքում, գործի են անցել հակաօդային պաշտպանության համակարգերը։
Հաղորդվում է պայթյունների մասին քաղաքի արևմտյան մասում: Թեհրանի այս հատվածը հայտնի է ռազմական օբյեկտներով, չի բացառվում, որ հարվածների թիրախում է տարածքում գտնվող ավիաբազան։
18:40
Իրանի և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում:
Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը:
«Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։
Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք», - ասված է հաղորդագրության մեջ:
17:55
Ըստ ԶԼՄ-ների՝ Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում ավելի քան 78 մարդ է զոհվել: Պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա:
17:25
16:33
Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իսրայելի կողմից երկրի տարբեր քաղաքների վրա հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 95 մարդ։
14:49
Իրանի վրա իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար է զոհվել, այդ թվում՝ Հեղափոխական պահապանների կորպուսի հրամանատար, ավիատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, հայտնում է Reuters-ը։
14:21
Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ ուրբաթ օրն իրականացված ռազմական գործողությունների շրջանակներում հարվածել են Իրանի Նաթանզի հսկայական օբյեկտի ստորգետնյա ուրանի հարստացման ցենտրիֆուգներին:
13:38
Երևանը դատապարտում է Իսրայել վերջին հարձակումն Իրան վրա, Չեխիայում «GLOBSEC 2025» ֆորումին ընթացքում Եվրամիությանն անդամացկելու հարցին անդրադառնալուց առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք մենք տարածաշրջանում։ Եվ մենք շատ մտահոգ ենք», - ընդգծել է Փաշինյանը:
13:03
Իրանը կոշտ քննադատություն է հնչեցնում ՄԱԿ-ի միջուկային հարցերով գերատեսչության հասցեին՝ կառույցին մեղադրելով միջուկային օբյեկտների և գիտնականների դեմ Իսրայելի մահացու հարվածների վրա աչք փակելու համար։
Թեհրանի քննադատություններին արձագանքելով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ միջուկային օբյեկտները «երբեք չպետք է հարձակումների ենթարկվեն»:
12:36
Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
12:29
«Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է», - այսօր «ԱՊՐԻ Արմենիա»-ի ֆորումում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
12:23
Անցած գիշեր Իսրայելի հարվածները Իրանի ռազմական և միջուկային ենթակառուցվածքներին խախտեցին նաև տարածաշրջանում օդային երթևեկության քարտեզը: Իրանի օդային տարածքը փակ է, նախապես պլանավորված չթվերթները հետաձգվել են:
«Չեղարկվել են Աբու-դաբիից, Դուբայից, Թեհրանից և Թել-Ավիվից ժամանող չվերթրը»,- «Ազատությանը» հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը:
Իրավիճակով պայմանավորված արտակարգ վայրէջքներ են կատարվում Երևանում:
12:04
Ադրբեջանի ԱԳՆ-ը կոչ է արել կողմերին առկա տարաձայնությունները լուծել բացառապես երկխոսության և դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։
11:48
Պաշտոնական Երևանը դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումն ու կոչ արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»:
«Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղությանն ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը», - նշված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում:
10:36
Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք, հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ, բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինին:
09:43
Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը իսրայելական հարձակումներին կլինի կոշտ, IRNA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի Զինված ուժերի խոսնակ Աբոլֆազլ Շեքարչին։
09:20
Նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի մեկնաբան Բրետ Բայերին ասել է՝ տեղյակ է եղել, որ Իսրայելը պատրաստվում է հարվածներ հասցնել Իրանին, նախքան դրանք տեղի կունենան։
«Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Թրամփը։
09:10
Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
08:40
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Իսրայելը «միակողմանի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ» և նշել, որ Միացյալ Նահանգները ներգրավված չէ։
Իսրայելից Վաշինգտոնին տեղեկացրել են, որ կարծում են՝ հարվածները անհրաժեշտ են իր ինքնապաշտպանության համար, նշել է Ռուբիոն Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարության մեջ։
Միացյալ Նահանգները քայլեր է ձեռնարկել իր ուժերը պաշտպանելու համար և կապի մեջ է տարածաշրջանում իր գործընկերների հետ, ասել է Ռուբիոն։
08:25
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է, որ Իսրայելը լուրջ հետևանքներ կունենա հարձակումները սկսելու համար։ Նա հայտարարել է, որ Իրանի պատասխանը կլինի կոշտ:
08:20
Իսրայելը հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին և ռազմական օբյեկտներին ամբողջ երկրում։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սկսել է նպատակային ռազմական գործողություն՝ «Իսրայելի գոյատևման համար իրանական սպառնալիքը վերացնելու համար»։ Նա նշել է, որ հարձակումը «կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ լինի այս սպառնալիքը վերացնելու համար»:
«Մենք հարվածել ենք Իրանի միջուկային հարստացման ծրագրի սրտին։ Մենք թիրախավորել ենք Նաթանզում գտնվող Իրանի հիմնական հարստացման օբյեկտը… Մենք նաև հարվածել ենք Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի սրտին», - ասել է Նեթանյահուն տեսաուղերձում։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Իսրայելում «հատուկ իրավիճակի» մասին՝ Իրանի կողմից հնարավոր պատասխանի սպասման պատճառով։
«Իսրայելի պետության կողմից Իրանի դեմ կանխարգելիչ հարվածից հետո, մոտ ապագայում սպասվում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակում Իսրայելի պետության և նրա քաղաքացիական բնակչության դեմ», - ասել է Կացը հայտարարության մեջ։
Ըստ իրանական պետական հեռուստատեսության, հարվածներ հասցվել են Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարական կետին: Սպանվել են բարձրաստիճան զինվորականներ ու միջուկային գիտնականներ:
Մի քանի հարված է հասցվել Նատանզի հարստացման գործարանին, հաղորդել է պետական հեռուստատեսությունը՝ ցուցադրելով տարածքից բարձրացող խիտ ծուխ։
Պաշտոնական IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հարվածներ են հասցվել նաև Թեհրանի և մի քանի այլ քաղաքների բնակելի թաղամասերին, որը հաղորդել է, որ հարվածների հետևանքով Թեհրանի բնակելի համալիրում զոհվել են մի շարք մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։