Ուրբաթ ուշ երեկոյան պայթյուններ են լսվում Թել Ավիվի և Երուսաղեմի երկնքում, Իսրայելում հնչում են օդային տագնապի ազդանշանները, փոխանցում է Reuters-ը: Երկրի ռազմական հրամանատարությունը հաղորդում է Իրանի կողմից արձակված հրթիռների մասին:
Իրանի պետական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարյուրավոր բալիստիկ հրթիռներ են արձակվել ի պատասխան Իսրայելի կողմից երկրի տարածքին հասցված հարվածների:
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածների թիրախում Իսրայելի տասնյակ ռազմական օբյեկտներ և օդակայաններ են, և խոստացել է մանրամասներ փոխանցել ավելի ուշ:
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ երկրի օդային տարածքում իսրայելական երկու կործանիչ է խոցվել: Իսրայելը դեռ չի հաստատում այդ հաղորդումը:
Իրանի հարվածների հետևանքով Իսրայելում զոհերի կամ վիրավորների մասին հաղորդումներ դեռևս չկան:
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգը գործի է դրվել՝ որսալու իրանական հրթիռները: