Թեհրանը նոր հրթիռային հարվածներ է արձակել Թել Ավիվի և Իսրայելի այլ քաղաքների վրա, իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողությունների շարունակության մասին:
Հունիսի 14-ի կեսգիշերից անմիջապես հետո Իսրայելը հայտարարել է, որ իր բանակը խոցել է Իրանից արձակված նոր հրթիռներ Թել Ավիվի, Հայֆայի և Երուսաղեմի ուղղությամբ։ Սա Իրանի օդային հարվածների երկրորդ օրն էր՝ ի պատասխան Իսրայելի հարվածներին Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտներին։
«Իսրայելի տարբեր շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշաններ՝ Իրանից արձակված հրթիռների հայտնաբերումից հետո», – նշված է Իսրայելի բանակի հայտարարության մեջ:
«Ներկայումս Իսրայելի ռազմաօդային ուժերը միջամտում են՝ ըստ անհրաժեշտության խոցելու և վերացնելու սպառնալիքը», – հավելել է Ցախալը:
Թել Ավիվում հունիսի 14-ին՝ մոտավորապես ժամը 01:15-ին, ռումբը հարվածել է շենքի: Ուղիղ եթերում երևացել է պայթյունի պահը։ Ավելի ուշ տեսանյութերում երևացել են վնասված բնակելի համալիրներ:
Իսրայելի բանակը հորդորել է քաղաքացիական բնակչությանը վերադառնալ օդային տագնապի ապաստարաններ, որտեղ նրանք մեկ օր առաջ էին պատսպարվել։
Մոտ չորս ժամ անց՝ արևածագին, մի քանի քաղաքներում հաղորդվել է նոր հրթիռների մասին։ Պաշտոնյաները հայտնել են մի քանի տների վնասման և Իսրայելի կենտրոնական հատվածում առնվազն 10 վիրավորների մասին։
Թեմայի վերաբերյալ «Ազատության» թարմացումներին կարող եք հետևել ստորև.