Միմյանց ուղղված սպառնալիքներ. ինչ է հայտնի Իրանի վրա Իսրայելի հարձակումից հետո

Իսրայելն աննախադեպ լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի վրա՝ թիրախավորելով միջուկային և ռազմական օբյեկտներ: «Խոյացող առյուծ» անունով գործողության ժամանակ կիրառվել է 200 կործանիչ, հարվածել են ավելի քան 100 թիրախի, այդ թվում՝ Նաթանզի միջուկային օբյեկտին, որն ուրանի հարստացման ծրագրի առանցքային օբյեկտն է:

Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսրայելի օդուժը Թեհրանում թիրախավորել է ինչպես զինված ուժերի շտաբներ, ռազմական օբյեկտներ, այնպես էլ բարձրաստիճան զինվորականների առանձնատներ, առվնազն՝ 18 տարբեր թիրախներ։ Իրանի այլ շրջաններ, այդ թվում՝ Ղոմը, Քերմանշահը, Թավրիզը ևս հարձակման են ենթարկվել։

Իսրայելական հարվածներից սպանվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, որը երկրի ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր, ինչպես նաև կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին:

Ըստ իսրայելական կողմի՝ սպանվել է առնվազն 20 բարձրաստիճան հրամանատար: Սպանվածների թվում են նաև միջուկային ծրագրերում ներգրավված վեց գիտնականներ: Զոհերի ճշգրիտ թիվ Իրանի պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաղորդում: Պետական հեռուստատեսությունը նշում է, որ 12 նահանգում կա առնվազն 95 վիրավոր: «Նուրնյուզ» գործակալության տվյալներով էլ՝ միայն Թեհրանում կա 78 զոհ, 320-ից ավելի վիրավոր:

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ տասնամյակներով Իրանը սպառնացել է ոչնչացնել Իսրայելը և ձգտել է միջուկային զենք ստեղծել, ինչը «գոյաբանական սպառնալիք» է Իսրայելի համար: Բենյամին Նեթանյահուն վստահեցրել է, որ գործողությունը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է այդ «սպառնալիքը վերացնելու համար»:

«Վերջին տարիներին Իրանը բարձր հարստացված այնքան ուրան է արտադրել, որը բավարար է ատոմային ինը ռումբ ստեղծելու համար: Սա Իսրայելի գոյատևման համար ակնհայտ և իրական սպառնալիք է», - նշել է նա։

Իսրայելի պաշտպանության նախարարն էլ ասել է, որ սա վճռորոշ պահ է Իսրայելի և հրեա ժողովրդի պատմության մեջ, քանզի այս գործողությամբ խափանում են Իրանի կարողությունները և վերացնում այս երկրից սպառնացող վտանգը։ Իսրայել Կացը նշել է՝ Իրանն ավելի քան երբևէ վճռական է Իսրայելը ոչնչացնելու իր տեսլականն իրագործելու հարցում։

«Մենք վճռորոշ փուլում ենք. եթե բաց թողնենք այն, ոչ մի կերպ չենք կարող կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, որը սպառնում է մեր գոյությանը: Վերջին մեկուկես տարում առնչվել ենք Իրանի պրոքսիների հետ, բայց հիմա գործ ունենք հենց օձի գլխի հետ», - հավելել է նա:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ սպանված հրամանատարների և գիտնականների աշխատանքը կշարունակեն նրանց գործընկերները: Այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է, որ Իսրայելը «խիստ կպատժվի» այս հարձակման համար. «Այս հանցագործությամբ սիոնիստական ռեժիմը իր համար պատրաստել է դառը և ցավալի ճակատագիր, և այն անպայման կարժանանա դրան»։


Ըստ իսրայելական կողմի՝ Իրանն ի պատասխան ավելի քան 100 անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնք ոչնչացվել են նախքան երկրի տարածք մտնելը: Սակայն իրանական ռազմական աղբյուրը «Ֆարս» գործակալության հետ զրույցում հերքել է դա՝ նշելով, որ Իրանի պատասխանը կլինի շուտով:

Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է Իսրայելին աջակցելու համար: Արտգործնախարարությունը հայտարարել է, որ այսպիսի հարձակումը չէր կարող տեղի ունենալ առանց ԱՄՆ օգնության: Վաշինգտոնը, մինչդեռ, ասել էր, որ որևէ կերպ ներգրավված չի եղել գործողությանը, սակայն տեղյակ է եղել: Նախագահ Թրամփն ավելի ուշ շեշտել է՝ Իրանին շանս էր տվել միջուկային ծրագրի շուրջ գործարքի գնալ՝ զգուշացնելով, որ «իրավիճակը կարող է էլ ավելի վատանալ»: Սակայն գործարք այդպես էլ տեղի չունեցավ, սոցցանցում գրել է նա:

«Իրանի կոշտ ուղեգծի որոշ կողմնակիցներ քաջաբար խոսում էին, բայց չգիտեին, թե ինչ էր պատահելու։ Նրանք բոլորը հիմա մահացել են, և իրավիճակը միայն ավելի վատթարանալու է: Իրանը պետք է գործարք կնքի, նախքան երկրից ոչինչ չի մնա, և փրկի այն, ինչը ժամանակին հայտնի էր որպես Իրանական կայսրություն», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։


Մեկ այլ գրառմամբ Թրամփը նշել է, որ Իրանին 60-օրյա վերջնագիր էր ներկայացվել գործարքին համաձայնելու համար, սակայն նրանք դա չարեցին: Ըստ նախագահի՝ Իրանը, թերևս, երկրորդ շանս ունի հիմա: Wall Street Journal-ին էլ ասել է, թե հարձակումը լավ կլինի շուկայի համար, քանզի Իրանը միջուկային զենք չի ունենա:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին, նաև հաստատել է, որ երեք միջուկային օբյեկտ չի ենթարկվել հարձակման: Թե քանիսն են թիրախավորվել, չի հստակեցվում:

Հարձակման հետևանքով Իրանի օդային տարածքը փակ է: Միջազգային մի քանի ավիաուղիներ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները դեպի Մերձավոր Արևելք: Մտավախությունների ֆոնին, որ հարձակումը կարող է ազդել նավթի մատակարարումների վրա, նավթի համաշխարհային գինը 7 տոկոսի կտրուկ աճ է գրանցել: Նավթատար տանկերներին զգուցացվել է խուսափել Հորմուզի նեղուցով երթևեկելուց, որը նավթի մատակարարման գլխավոր ուղիներից մեկն է:

Իրանը դիմել է ՄԱԿ՝ պահանջելով Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ քննարկելու Իսրայելի հարձակումը, որը դատապարտել են մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը: