Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Զանգեզուրի միջանցք» բացելու թեմայից չհրաժարվող Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր ընդդիմախոսը հենց Իրանն է: Ամենաբարձր մակարդակով Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է:
Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները մոտ երեք շաբաթ Հայաստանին սահմանակից Նախիջևանում համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Մինչև հունիսի 30-ը ծրագրված երկփուլ վարժանքների մեկնարկը երեկ է տրվել:
«Տեղաշարժեր չկա՞ն սահմաններին», - այս հարցին Գրիգորյանն արձագանքեց. - «Մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում: Ես չէի շտապել գնահատական տալ այս էսկալացիային, եկեք սպասենք, հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն, այնուհետև, կարծում եմ, որ որոշակի ժամանակ է պետք՝ գնահատելու, թե այս հարձակումը ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»:
Վարչապետը Չեխիայում է: Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ այս պահին ծրագրված չէ, Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ ըստ իրավիճակի կարող են հավաքվել:
Նիկոլ Փաշինյանն այսօր Պրահայում անցկացվող միջազգային ֆորումի հարթակն օգտագործեց՝ դատապարտելու Իրանի դեմ իսրայելական հարձակումը:
«Դա հարցականի տակ է դնում փխրուն կայունությունը, որն ունենք տարածաշրջանում։ Եվ մենք շատ մտահոգ ենք», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:
Դատապարտում Երևանից նաև Արտգործնախարարության մակարդակով է հնչել: Պաշտոնական Երևանը հարձակումը միակողմանի է որակել, կոչ արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»:
«Ըստ սցենարների մենք ունենք պլանավորում», - ասաց Արմեն Գրիգորյանը:
Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև խնդիր է Հայաստանի համար, «ԱՊՐԻ Արմենիա»-ի ֆորումում քննարկման ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ Իսրայելի գործողությանը կոնկրետ գնահատական տալով. - «Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում, և էսկալացիան ոչ մի օգուտ, բնականաբար, տարածաշրջանի երկրներին չի բերելու: Մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով կարգավորել նաև հարցը»:
Սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիքը, ըստ Արմեն Գրիգորյանի, խաղաղության օրակարգն է: Ադրբեջանի հետ համաձայնեցված պայմանագիրը ստորագրելու հարցում Անվտանգության խորհրդի քարտուղարը ոչ մի նորություն չփոխանցեց: Բանակցված փաստաթղթի տակ իր ստորագրությունը դնելու համար Բաքուն երկու նախապայմաններից՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից չի հրաժարվում: Այս պայմաններում Երևանը հնարավորինս շուտ ստորագրման հույսը չի կորցնում:
Չնայած սահմանամերձ Սյունիքում չդադարող կրակոցներին, Գրիգորյանը կարծում է՝ Հայաստան - Ադրբեջան հարաբերություններում կարողացել են որոշակի կայունության հասնել:
Ինչո՞վ են պայմանավորված կրակոցները, իր ղեկավարած կառույցը ունի՞ ուսումնասիրություն:
«Հնարավոր նպատակներից մեկը նաև խաղաղության պայմանագրի շուրջ ունեցած հաջողություններից միջազգային հանրության կարող է շեղո՞ւմն է: Կարող է այլ նպատակներ էլ ունենալ: Իհարկե, մենք շարունակում ենք հետևել և փորձել հասկանալ, թե որոնք են այդպիսի քայլերի նպատակը», - ասաց ԱԽ քարտուղարը:
Սյունիքում բնակելի տների թիրախավորումից հետո Հայաստանի առաջարկը Բաքվին՝ հետաքննել և հրապարակային պարզաբանել, մնում է անարձագանք:
«Ադրբեջանական կողմին նաև մենք խնդրել ենք դետալներ մեզ փոխանցեն ըստ իրենց միջադեպերի խախտումների վերաբերյալ, մենք մանրամասն հետաքննություն ենք կատարել և պատասխանել ենք: Կարող եմ ասել, որ գրեթե մեր կողմից խախտում չի եղել: Մենք նաև ինֆորմացիա, դետալներ ենք փոխանցել իրենց կողմից խախտումների վերաբերյալ, նույնիսկ տեսագրություններ, որոնք փաստում են, և ակնկալում ենք ադրեջանական կողմի հետաքննությունը այս ինֆորմացիայի», - նշեց Գրիգորյանը:
Խաղաղության պայմանագրից բացի՝ Բաքվի հետ մյուս երկու ուղղություններով՝ սահմանազատման ու ապաշրջափակման բանակցություններում ևս առաջընթաց չկա:
Արմեն Գրիգորյանը չհերքեց, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Էրդողանին: Թե ինչ օրակարգով կլինի հանդիպումը, պաշտոնյան չբացահայտեց:
Մեկ շաբաթ առաջ հաղորդվեց Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին:
Վարչապետի գրասենյակը փոխանցեց՝ Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Թե ի՞նչ հարցեր էին շեշտադրվել, կողմերի դիրքորոշումները Երևանի պաշտոնական հաղորդագրության մեջ չնշվեցին:
Էրդողանը հայ - թուրքական հարաբերությունները չէր զատել հայ - ադրբեջանական կարգավորումից: Թուրքիայի նախագահի գրասենյակից փոխանցել էին. - «Ընդգծելով տարածաշրջանում համապարփակ կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը՝ նախագահ Էրդողանն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև շփումների կապակցությամբ»:
Անկարան շեշտել էր՝ զրույցը կայացել է Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ:
Արմեն Գրիգորյանը չնշեց՝ Թուրքիայի հանդիպումն ո՞ւմ նախաձեռնությամբ կկայանա, նաև՝ այցի օրը. - «Մանրամասների մասով եկեք սպասենք վարչապետի աշխատակազմի կոմունիկացիային»: