Հայաստանի և Ադրբեջանի՝ դեմ-դիմաց ծածանվող դրոշներից 100 մետր այս կողմ է 66-ամյա մեխանիկ Կարո Անդրանյանի տունը։ Դարպասից դուրս է գալիս ու նայում բլրի լանջին, որտեղից ադրբեջանական կրակահերթերն են սկսում ուշ գիշերին. մեծումանուկ արդեն երեք ամիս է՝ հանգիստ չունեն ոչ մի օր։
«100-150 մետրի վրա իրենց պոստն է, մեկ էլ մեր տներն են: Գիշերը՝ ժամը 22.20-ին, առաջին կրակոցները սկսում են», -պատմել է նա:
Ողջ կյանքը Խնածախում ապրած սյունեցի թոշակառուն ցավով է հաշվում գյուղի փակվող դռներն ու ավելացող կողպեքները. «Մի 300 տուն ենք եղել՝ 1500 բնակիչ, այսօր 100 տուն ենք մնացել՝ 400-450 բնակչով:
Գյուղը լքողների ճանապարհը, սակայն, կտրել չի կարող, վախի մեջ ո՞վ երեխա կմեծացնի, Reuters-ի հետ զրուցում հերթական անպատասխան հարցն է բարձրացրել սահմանի բնակիչը։
Դեպի սյունյաց երկինք արձակվող, իսկ երբեմն էլ տանիք, պատուհան ու մանր եղջերավոր կենդանիներ խոցող կրակոցները հայկական այս փոքրիկ գյուղին պարբերաբար հիշեցնում են շատ մոտ հակառակորդի ու այդպես էլ չմոտեցող խաղաղության մասին։
Ադրբեջանը հերքում է, թե իր զորքերն են կրակ բացում, և հայկական կողմին է մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
Այս կրակոցները սկսվել են մարտից, երբ Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը, որն Ադրբեջանը չի ստորագրում։ Փաստաթղթի կնքման համար Բաքուն շարունակ պնդում է իր նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: Թեև այս նախապայմանների մեջ չի նշվում, բայց Բաքուն Հայաստանից նաև Սյունիքով ճանապարհ է պահանջում դեպի Նախիջևան՝ անխոչընդոտ ու առանց մաքսային հսկողության: Ադրբեջանական կրակոցները սահմանամերձ բնակավայրերում են անդորրը խախտում, Ալիևի հայտարարությունները՝ Հայաստանի հարավային դարպաս Մեղրիում։
«Կան, այո, վախի զգացմունքներ, բայց Մեղրիի համայնքի բնակիչները, ինչպես տեսնում եք, քաղաքում արարում են, ստեղծում են, աշխատում են», - նկատել է Մեղրիի փոխքաղաքապետ Բագրատ Զաքարյանը:
Իրանին, Ադրբեջանին և Նախիջևանին սահմանակից Մեղրին այդ երեքից միայն Իրանի հետ է ջերմ հարաբերվում։ Մյուս հարևանների հետ սառը, գոյություն չունեցող շփումների մասին է վկայում նաև Մեղրիի չգործող երկաթուղային կայարանը՝ Արաքսաշեն համայնքի վերջում՝ փակ, լքված ու կիսավեր։ Կայարանի նախկին փոխտնօրեն Արմեն Դավթյանը, շրջելով մետաղի ջարդոնի վերածված վագոնների կողքով, հիշում է, թե ինչ կարևոր հանգույց էր այն նախկինում։
Արմեն Դավթյանն ըմբռնումով է մոտենում ապաշրջափակման շուրջ «ժողովրդի խոսակցություններին ու մտահոգություններին», բայց մեր օրերում այն համարում է «աբսուրդ»։
Աբսուրդայի՞ն են, թե՞ տեղին սյունեցիների վախերն ու անհանգստությունները, ցույց կտա ժամանակը, փաստ է, սակայն, որ խիստ ռազմականացված, 1000 կմ երկարությամբ սահմանը շարունակում է փակ մնալ շուրջ 35 տարի։
Պաշտոնյաներն ու լրագրողները հեռանում են հարավային այս բնակավայրերից, անհանգստությունն ու վախը մթնշաղի հետ կրկին իջնում են սահմանային Խնածախի վրա։
Հայ-ադրբեջանական շփման գծում այսօր շփվում են միայն դրոշները։
Մանրամասները՝ տեսանյութում