Մատչելիության հղումներ

Իսրայել-Իրան առճակատումը սրել է անվտանգային մտահոգությունները Հայաստանում


Հրթիռներ իսրայելական երկնքում, 14-ը հունիսի, 2025թ.
Հրթիռներ իսրայելական երկնքում, 14-ը հունիսի, 2025թ.

Իրանի դեմ Իսրայելի լայնամասշտաբ հարձակումից մեկ օր անց զրուցել են Հայաստանի ու Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Արարատ Միրզոյանն այսօր X-ի միկրոբլոգում հայտնել է, որ քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

«Հայաստանի կողմից արտահայտված դիրքորոշմանը համապատասխան՝ ընդգծեցի ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը։ Մենք կշարունակենք ակտիվ կապ պահպանել, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության շրջանակներում քննարկումների առնչությամբ», - գրել է Միրզոյանը:

Երեկ պաշտոնական Երևանը դատապարտել էր հարևան պետության դեմ Իսրայելի հարձակումն ու կոչ արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին:

Իսրայել - Իրան հակամարտությունը խախտել է նաև տարածաշրջանում օդային երթևեկության քարտեզը: Դեպի Երևան և Երևանից այլ քաղաքներ թռիչքներ են չեղարկվել և՛ երեկ, և՛ այսօր, որոշ ավիաընկերություններ ստիպված են եղել փոխել երթուղին: Երեկ շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ էին կատարել Երևանի «Զվարթնոց» և հարևան այլ երկրների օդանավակայաններում: Դրա հետևանքով Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել էին Բաքվի օդանավակայանում, Ադրբեջանի քաղաքացիներ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Արդյոք այդ քաղաքացիներն արդեն լքել են Երևանն ու Բաքուն, պարզ չէ, Ազգային անվտանգության ծառայությունը որևէ նոր տեղեկություն չի տրամադրում:

Իրանի միջուկային օբյեկտներին իսրայելական հարվածները նաև հնարավոր ռադիացիոն աղտոտվածության մտահոգություններ են առաջացրել: Հայաստանի միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոնից այսօր հայտնեցին, թե Սյունիքի մի շարք բնակավայրերում հետազոտություն են իրականացրել ու ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չեն արձանագրել:

Մինչ այդ, սակայն, Հայաստանում պահպանվում են անվտանգային մտահոգությունները: Խորհրդարանական ընդդիմությունն անհանգստացած է՝ տարածաշրջանում էսկալացիայի վտանգը մեծ է: Խորհրդարական երկրորդ ուժի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց՝ աղետներից մինչև Հայաստանի դեմ ռազմական գործողություններով է հղի իրավիճակը:

«Տարածաշրջանում այս իրավիճակային լարվածության, խառնաշփոթի պայմաններում պետք է նկատի ունենանք, որ Հայաստանի սահմաններում՝ Նախիջևանում, թուրք- ադրբեջանական զորավարժություններ են նաև ընթանում: Այն հռետորաբանությունը, որով հանդես է գալիս Ադրբեջանը, նաև Թուրքիան, լուրջ սպառնալիք է ստեղծում այս խառնակ իրավիճակում ցանկացած զարգացման համար», - ասաց պատգամավորը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մի քանի վտանգ է տեսնում: Հիշեցրեց՝ Իրանը պարբերաբար դեմ է արտահայտվել Բաքվի պահանջած միջացքին, հայտարարել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է:

«Իրանը շատ հստակ դիրքորոշում ունի այսպես կոչված միջանցքի հետ կապված, և շատ կոշտ է իր դիրքորոշումն արտահայտում կապված Հարավային Կովկասում առկա սահմանների փոփոխության հետ, որը, իհարկե, մեծագույնս դեր ունի ՀՀ համար՝ որպես արտաքին քաղաքական կարևորագույն գործընկեր: Եթե տարածաշրջանում, նմանօրինակ մեծ ծավալի ռազմական կոնֆլիկտ լինի, այս առիթն Ադրբեջանը կարող է օգտագործել։ Աղմուկ օգտագործելով՝ հերթական ագրեսիան գործել Հայաստանի վրա, գուցե, այո, Սյունիքի և ոչ միայն այդ ուղղությամբ»,- ասաց Մամիջանյանը:

Իսրայել-Իրան բախման պայմաններում Բաքվից այսօր կրկին հիշեցրել են «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորության մասին, թեև Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնականն այն որպես Հայաստանի համար շահեկան քայլ է ներկայացրել:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ «Ազատությանն» ասել էր, թե Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա:

Ընդդիմադիր Գեղամ Մանուկյանի համար անհասկանալի է նաև Հայաստանի վարչապետի կեցվածքը, չնայած Նիկոլ Փաշինյանը երեկ Պրահայում անցկացվող միջազգային ֆորումի հարթակն օգտագործեց՝ դատապարտելու Իրանի դեմ իսրայելական հարձակումը:

«Դա հարցականի տակ է դնում փխրուն կայունությունը, որն ունենք տարածաշրջանում։ Եվ մենք շատ մտահոգ ենք», - ասել էր Փաշինյանը:

Գեղամ Մանուկյանն ասում է. - «5 րոպե պակաս աշխարհը գտնել պատերազմի եզրին, էդպես հանգիստ թռվռալով, մեկնել մի ինչ-որ համաժողովում խիստ վերացական գետնի վրա անիրականանալի թեմայով դասախոսությամբ հանդես գալ, երբ որ երկիրդ ուղղակի հարևանությամբ է մի երկրի հետ, որտեղ նման զանգվածային հարձակում է լինում, երբ որ Անվտանգության խորհրդի նիստ չի լինում, երբ որ անվտանգային մարմինները համապատասխան հանձնարարականներ չեն ստանում, լրիվ ուղղակի է անհամարժեք են գործողությունները, որ իրականացնում է Հայաստանի իշխանությունը»։

Իսրայել-Իրան հակամարտությունը սպառնալիքներ է ստեղծում նաև աշխարհի համար՝ հաշվի առնելով կողմերի դաշնակիցների թիվը, ինչպես նաև այդ դաշնակիցների փոխադարձ վերաբերմունքը, նկատում է Հայկ Մամիջանյանը. - «Էլ չեմ խոսում Իսրայել- Ադրբեջան սերտ, այդ թվում՝ նաև ռազմական համագործակցության մասին, սա համադրելով այն փաստին, որ Իրանում առկա է մեծ քանակությամբ ադրբեջանական համայնք՝ որպես ազգային փոքրամասնություն, որը նույնպես ռիսկային ավելի ապակայունանալու վտանգով է դարձնում իրավիճակը, այնպես որ իրապես խնդիրները շատ են»:

Իրավիճակին արտախորհրդարանական ուժերից արձագանքել է Հայ ազգային կոնգրեսը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը անմիջական ազդեցություն ունի Հայաստանի անվտանգության ու կայունության վրա, իսկ այդ մարտահրավերները դիմագրավելու համար անհրաժեշտ սթափ, իրատեսական քաղաքականություն:

ՀԱԿ-ը նաև դիմել է իշխանություններին. - «Ակտիվացնել դիվանագիտական ջանքերը միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, հավաստիացնել միջազգային հանրությանը, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվի ռազմական նպատակներով, ուժեղացնել սահմանային անվտանգությունը և պատրաստվել հնարավոր հումանիտար մարտահրավերներին, ներառյալ Իրանից փախստականների հնարավոր հոսքին»:

Այս ռիսկերի ֆոնին առաջին նախագահ Լևոն Տեր - Պետրոսյանի առաջնորդած ուժը նաև իշխանություններին հորդորել է՝ «անհապաղ դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալած ապօրինի հարձակումները», իսկ քաղաքական ուժերին կոչ են արել դադարեցնել ներքին հակամարտություններն ու զերծ մնալ բողոքի ակցիաներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG