Բաքուն մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններով. Ադրբեջանի ԱԳՆ

Պաշտոնական Բաքուն լրջորեն մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններով, ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք անում կողմերին լուծել առկա տարաձայնությունները բացառապես երկխոսության և դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։ Մենք հատկապես ընդգծում ենք քաղաքացիական բնակչության և օբյեկտների անվտանգության ապահովման կարևորությունը։ Կարևոր է շարունակել դիվանագիտական շփումները և ջանքերը՝ համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրումը կանխելու համար», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

Իսրայելն անցած գիշեր հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին և ռազմական օբյեկտներին ամբողջ երկրում։ Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին:

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանի պատասխանը կլինի կոշտ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու Իրանը շարունակում են հարվածել միմյանց, կան զոհեր