Աշխարհի տարբեր երկրներ արձագանքել են Իրանի վրա Իսրայելի հարվածներին:
Պաշտոնական Երևանը դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումն ու կոչ արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»:
«Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում, հատկապես բանակցությունների հաջորդ փուլի շեմին այն վտանգում է խաղաղության ջանքերն, ինչպես նաև տարածաշրջանի ընդհանուր կայունությունն ու գլոբալ խաղաղությունը», - նշված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ կոչ է արել կողմերին առկա տարաձայնությունները լուծել բացառապես երկխոսության և դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։
Reuters-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթամերը հարվածների մասին հաղորդումները մտահոգիչ է համարել՝ կոչ անելով կողմերին անհապաղ նվազեցնել լարվածությունը:
Տարածաշրջանում լարվածության սրացումը ոչ ոքի շահերից չի բխում: Մերձավոր Արևելքում կայունությունը պետք է լինի առաջնահերթություն, և մենք համագործակցում ենք գործընկերների հետ՝ լարվածությունը նվազեցնելու համար։ Այժմ զսպվածության, հանդարտության և դիվանագիտության վերադարձի ժամանակն է», - նշել է Սթամերը։
Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգն ընդգծել է՝
«Ավստրալիան խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրացումով»։
Փենի Վոնգը կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը. - «Դա վտանգում է տարածաշրջանի կայունությունը, որը նախապես էլ անկայուն է»
«Բոլորս էլ գիտակցում ենք Իրանի միջուկային ու բալիստիկ հրթիռային ծրագրի սպառնալիքը միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, և կողմերին հորդորում ենք առաջնահերթություն տալ երկխոսությանն ու դիվանագիտությանը», - հավելել է նա։
Նյու Զելանդիայի Վարչապետ Քրիստոֆեր Լաքսընն, իր հերթին, ընդգծել է՝ «սխալ հաշվարկի վտանգը մեծ է»:
«Մերձավոր Արևելքում սա շատ անցանկալի զարգացում է։ Այդ տարածաշրջաին այլևս ռազմական գործողություններ պետք չեն՝ ոչ էլ դրանց առաջացրած ռիսկերը»։
Ճապոնիայի ԱԳ նախարար Տակեշի Իվայան էլ հայտարարել է. - «Միացյալ Նահանգների և Իրանի միջև ընթացող դիվանագիտական ջանքերի պայմաններում՝ ուղղված Իրանի միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանը, ռազմական ուժի կիրառումը խորը ափսոսանք է հարուցում»։
Ավելի վաղ էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է՝ Իսրայելի գործողությունները միակողմանի են և ԱՄՆ-ը չի մասնակցում Իրանի դեմ հարվածներին:
Իսրայելն անցած գիշեր հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին և ռազմական օբյեկտներին ամբողջ երկրում։ Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին:
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանի պատասխանը կլինի կոշտ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու Իրանը շարունակում են հարվածել միմյանց, կան զոհեր