Մատչելիության հղումներ

Իրանով հայկական բեռների տեղափոխման խնդիրներ են առաջացել

Լրացված

Բեռնատարներ Հայաստան - Իրան սահմանին, արխիվ
Բեռնատարներ Հայաստան - Իրան սահմանին, արխիվ

Կառավարությունից հայտարարում են՝ Իրանի տարածքով հայկական բեռների տեղափոխման խնդիրներ կան, տուժում են ինչպես Հայաստան ապրանք ներկրողները, այնպես էլ արտահողները, Իսրայել - Իրան հակամարտության չորրորդ օրը տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ըստ նախարարի՝ որոշ բեռներ այժմ Իրանի հարավային Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում են, մի մասն էլ Իրանի ճանապարհներին է կանգնած: Պապոյանն ասում է՝ խնդիրները բազմաթիվ են:

«Հասկանալի է, որ դրանք մակրոգործոններ են, որոնք որ մեր կառավարման շրջանակից, շատ, էսպես ասած, ցավոք սրտի, շատ փոքր չափով են գտնվում մեր տիրույթում, և մենք հույս ունենք, որ երկու երկրների միջև կավարտվի այս հակամարտությունը, և կկարողանանք բարեկամ Իրանի տարածքով շարունակենք ազատ առևտուրը իրականացնել, ինչպես նախկինում տեղի է ունեցել», - հայտարարեց Գևորգ Պապոյանը;

Կեսօրից հետո թեմային անդրադարձավ նաև ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ կարող են տուժել դեպի Հայաստան մատակարարումները. - «Դրանք կարող են խաթարվել, երկարացվել, երկարել, թանկանալ, և այլն, և այլն: Այսինքն, էսպիսի երևույթներ կարող են տեղի ունենալ»:

Իսրայել - Իրան հակամարտությունը սրվեց նախորդ շաբաթավերջին, երկրներն արդեն չորս օր է փաստացի պատերազմի մեջ են: «Ազատություն»-ը ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ Կառավարությունում հանդիպումներ եղե՞լ են ստեղծված իրավիճակը քննարկելու ու գործողությունների պլան մշակելու համար:

«Սովորաբար էդպիսի քննարկումները նախաձեռնվում են Անվտանգության խորհրդի կողմից: Քանի որ էդ ամեն ինչը սկսվել է ուրբաթ օրը, ... էս օրերի ընթացքում էդպիսի քննարկում դեռ չի եղել: Եվ մենք քանի որ էսօր էլ, վաղն էլ զբաղված ենք լինելու ակտիվ բյուջեի հաշվետվության հետ կապված հարցերով, վստահ եմ, որ առաջիկայում, բնականաբար, քննարկումներ կլինեն», - ասաց Վահե Հովհաննիսյանը:

2024 թվականի տվյալներով, Իրանը Հայաստանի չորրորդ ամենախոշոր առևտրային գործընկերն է՝ Ռուսաստանից, Չինաստանից ու Արաբական Միացյալ Էմիրություններից հետո, ավելի քան 730 միլիոն դոլար ցուցանիշով: Իրանից ներկրվող հիմնական ապրանքներն են վառելանյութերը, շինանյութերը, մետաղները և այլն:

Ռազմական գործողությունների հետևանքով Իրանի տարածքով ապրանքներ տեղափոխելու դժվարությունները հաջորդում են Վրաստանով բեռնափոխադրումների խնդիրներին: Մոտ մեկ շաբաթ առաջ Մաքսային ծառայությունը որոշեց հայկական բեռնատարներին ընդհանրապես արգելել հատել հայ-վրացական սահմանը՝ սա ներկայացնելով որպես հենց նրանց համար արվող քայլ: Պետեկամուտների կոմիտեն հայտարարել է՝ նպատակահարմար չեն համարում հայկական բեռնատարների անցումը Վրաստան: Արգելքը ժամանակավոր է, քանի դեռ սահմանի վրացական հատվածում կուտակումները չեն կարգավորվել: Թե բեռնատարների համար երբ կբացվի սահմանը, պարզ չէ:

Արդեն մի քանի ամիս է` Վրաստանը ստուգում է իր սահմանով անցնող ու ռուսական շուկայում վաճառվող հայկական ալկոհոլային խմիչքները: Թե ինչո՞ւ, հայկական կողմն այս ամիսների ընթացքում դեռ չի հստակեցրել:
Վրաստանում բեռնատարները շաբաթներով հերթերի մեջ են մնում, Երևանը պաշտոնապես հայտնում է՝ խնդիրների վերաբերյալ վրացական կողմից որևէ հիմնավոր պարզաբանում չեն ստացել:

«Հայաստանն էս պահին բավականին մտահոգիչ բեռնափոխադրման և լոգիստիկ խնդիրների առջև է կանգնած», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Հայաստանի համար բեռնափոխադրման հիմնական ուղին Վրաստանն է, բեռների մեծ մասը հենց Վրաստան տարածքով է փոխադրվում, նշեց տնտեսագետը. - «Վրաստանի ուղղությամբ խնդիրը ավելի սուր է, քանի որ մեր բեռնափոխադրման մեծ մասը այս երկրի տարածքով է լինում: Սա՛ պետք է առաջինը մեզ համար լիներ որպես ահազանգ, և պետք է մեր իշխանությունները օր առաջ լուծեին, բայց ճիշտ հակառակը՝ խնդիրը ավելի է մեծանում»:

Դատելով էկոնոմիկայի նախարարի խոսքերից՝ կողմերը մոտ չեն խնդրի լուծմանը:

«Էլի Վրաստանի գործընկերներից նամակ ստացա, որ օրվա ընթացքում իրենք ինձ կզանգահարեն էս հարցի հետ կապված, որովհետև որոշակի դանդաղումներ մենք նկատում ենք: Այսինքն՝ տեսնում ենք, մի պահ կար, որ ընդհանրապես ոչ մի մեքենա չէր գնում, հետո մի մեկ-երկու օր որոշակի արագություն կար, որը բավարարում էր մեզ, հիմա կա տեմպ, բայց էդ տեմպը շատ դանդաղ է՝ օրը մի քանի մեքենա, որը էլի խնդրահարույց է մեզ համար, չնայած որ մենք մեր մասով բոլոր պայմանավորվածությունները, որ վրացական կառավարության ներկայացուցիչների հետ ունեցել ենք, բոլորը 100 տոկոս պահպանել ենք, և ակնկալում ենք, որ մեր Վրաստանի գործընկերները ևս իրենց, մեր պայմանավորվածությունների իրենց մասը իրենք կպահպանեն», - ասաց Պապոյանը:

Փաստացի այս պահին Հայաստանի երկու բաց սահմաններով բեռներ տեղափոխելու խնդիր կա: Թե հայկական բեռնատարների համար Պետական եկամուտների կոմիտեն դեռ որքան փակ կպահի հայ-վրացական սահմանը, մաքսային մարմինը չի պարզաբանում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG