Ով է գլխավորելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը
Իրանը հայտարարել է, թե այսուհետ երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, կգլխավորի գեներալ Ահմադ Վահիդիին։ Նրա նախորդը՝ գեներալ Հոսեյն Սալամին, սպանվեց ուրբաթ՝ Իսրայելի առաջին օդային հարվածների ժամանակ։
Գեներալ Վահիդին Իրանից դուրս առավել հայտնի է որպես 1994 թվականին Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնի ռմբակոծության կազմակերպիչ, ահաբեկչություն, որի հետևանքով զոհվել էր 85 մարդ, հարյուրավորները՝ վիրավորվել։
Արգենտինայի դատախազները հինգ իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ գեներալ Վահիդիին ձերբակալելու օրդեր էին տվել ՝ հարձակումը «պլանավորելու, ֆինանսավորելու և իրականացնելու» համար։
Գեներալը ծնվել է 1958 թվականին Իրանի կենտրոնական Շիրազ քաղաքում։ 1979 թվականի իրանական հեղափոխության ժամանակ նա ուսանող էր Շիրազի համալսարանում և մոտավորապես այդ ժամանակ էլ միացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։ Ավելի ուշ նա ստացել է ռազմավարական ուսումնասիրությունների դոկտորի կոչում։
1980 թվականին սկսված և ութ տարի շարունակված իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում Վահիդին զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան պաշտոններ անվտանգության ոլորտում։ 1988 -ից՝ մոտ տասը տարի, ղեկավարել Կորպուսի հատուկ նշանակության «Քուդս» խմբավորումները, որոնք մասնագիտացած են հետախուզության և Իրանից դուրս իրականացվող գործողությունների մեջ։
2005 թվականից գեներալ Վահիդին ծառայել է որպես պաշտպանության փոխնախարար, 2009 թվականին նշանակվել պաշտպանության նախարար՝ պաշտոնավարելով մինչև 2013 թվականը։ Նա նաև երեք տարի եղել է Իրանի ներքին գործերի նախարար՝ մինչև անցյալ տարվա օգոստոսը։
Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Կանադան և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են կիրառել գեներալի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար։
Իրանը և Իսրայելը «շուտով կհասնեն խաղաղության», հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ այժմ ընթանում են հանդիպումներ։ Թե կոնկրետ ում միջև և որտեղ՝ Դոնալդ Թրամփը չի հստակեցրել, բայց պնդել է, որ «երկու երկրները պետք է համաձայնության գան»։
«Իրանը որևէ հաղորդագրություն չի ուղարկել Իսրայելին երրորդ երկրի միջոցով»,- հայտարարել է երկրի արտգործնախարարության խոսնակը՝փաստացի հերքելով Կիպրոսի նախագահի հայտարարությունը, թե Թեհրանը խնդրել է Նիկոսիային «որոշ ուղերձներ» փոխանցել Իսրայելին։
Իսրայելական հեռուստաալիքները ուղիղ եթերում ցուցադրում են Թեհրանի կենտրոնում տեղի ունեցած նոր պայթյունների կադրեր, որոնցում ծխի մեծ ամպեր են բարձրանում մոտ վեց վայրերից:
Իրանական աղբյուրները դեռ հաղորդագրություն չեն տարածել։ Իսրայելական զինվորականները նշում են միայն, որ տեղում «գործողությունները շարունակվում են»՝ առանց հավելյալ մանրամասների: