Մատչելիության հղումներ

Իրանում իսրայելական հարձակումից տուժածների շրջանում հայեր չկան


Իրան - Իսրայելի հարվածների հետևանքները Թեհրանում, 13-ը հունիսի, 2025թ.
Իրան - Իսրայելի հարվածների հետևանքները Թեհրանում, 13-ը հունիսի, 2025թ.

Իսրայելական հարվածներից հետո Իրանի և հարևան մի շարք երկրների օդային տարածքներ փակվելու հետևանքով շատ ինքնաթիռներ հարկադրված վայրէջքներ են կատարել, այդ թվում նաև՝ Երևանում ու Բաքվում: Ընդ որում, հանգամանքների բերումով Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաքի օդանավակայանում, իսկ Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց»-ում: Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը, նշելով, որ Հայաստանի պետական կառույցներն իրականացնում են հետևողական աշխատանք: Հավելյալ մանրամասներ չկան, պարզ չէ՝ Երևանում քանի ադրբեջանցի է հայտնվել,
Բաքվում՝ քանի հայ:

Իրանից ոչ օդային, այլ ցամաքային ճանապարհով Հայաստան են վերադառնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի յոթ սաներն ու երեք ուսուցիչները, ովքեր կրթական-ճանաչողական այցով մեկնել էին հարևան երկիր: Գիշերը Իրանի դեմ Իսրայելի հարձակումից հետո որոշում է կայացվել անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան, նշեց կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը: Այսօր երեկոյան ավտոբուսը պիտի հասնի Հայաստան:

«Երբ որ իմացանք էս կտրուկ փոփոխությունը, արագ կապվեցինք՝ դեսպանատան հետ խորհրդակցելով, չնայած երկու օր կար, որ ավարտվեր, որոշեցին արագ վերադառնալ, մենք, իհարկե, արագ տվեցինք համաձայնություն, և նույն ավտոբուսով անվտանգ ... սկսեցին առավոտվանից վերադառնալ: Երևի մի քանի ժամ հետո կլինի արդեն Մեղրիում, էնտեղ արդեն կացարանը պատրաստած է, էսօր կգիշերեն, ծնողները մշտական կապի մեջ են», - «Ազատությանը» փոխանցեց Բլեյանը:

Իրանում իսրայելական հարձակումից հետո տուժածների շրջանում հայեր չկան:

Թավրիզում թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջյանը փոխանցեց, որ քաղաքի հայկական համայնքը ապահով վիճակում է, հարձակման կետերից հեռու է գտնվում:

Թեհրանում «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը ևս հայտնեց, որ հայկական թաղամասերից հեռու են եղել հարվածները:

«Ընդհանրապես ոչ մի տարօրինակ բան չկա, հիմա արդեն ամեն ինչը խաղաղված է, ժողովուրդը իր առօրյայով է զբաղված: Բայց, բնականաբար, մտահոգություններ կան ոչ միայն հայ համայնքի մոտ, այլ լրիվ երկրում: Բնականաբար, մտահոգություններ կան եղածի կապակցությամբ, բնականաբար, նաև ժողովուրդը վրդովված է, սպասում են պատասխան հարվածի, բնականաբար, Իրանը կգնա պատասխան հարվածների: Սպասվում է նաև հրթիռային հարձակում, պետք է սպասել և տեսնել», - «Ազատությանը. փոխանցեց Քեշիշյանը:

«Ընդհանրապես որևէ հայ չի տուժել, հայկական համայնքը որևէ տուժած չունի, ամենամոտիկ հարվածը, որ եղել է Թեհրանին, հայկական ամենամեծ թաղամասից ուղիղ գծով երևի մի 1000 մետր հեռավորության վրա հարվածներ եղել են, բայց համայնքին ընդհանրապես որևէ բան չի հասել, որևէ մտահոգություն համայնքում չկա: Մտահոգությունը ընդհանուր երկրի իրավիճակի համար է», - շարունակեց «Արաքս»-ի խմբագիրը;

«Այսինքն, մտահոգությունն այն է, որ հնարավոր է շարունակվի և ավելի մեծ մասշտաբների՞ հանգի իրավիճակը», - այս հարցին էլ Քեշիշյանն արձագանքեց. - «Բնականաբար, Իրանը գնալու է պատասխան հարվածների, չի կարող դա անտեսել, որովհետև հարվածները շատ մեծ են եղել, բավական ազդեցիկ դեմքերի են խլել Իրանից՝ թե՛ ռազմական, թե՛ գիտական ոլորտներում, և Իրանը չի կարող դրանից անցնել և անպայման հակահարվածներ տալու
Է»:

Օրվա ավարտին Իրանում Հայաստանի դեսպանությունը հորդորեց Իրանի տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG