Թեև իշխանություները չունեն տեղեկություններ, որ Ադրբեջանը կարող է օգտվել իրավիճակից և փորձել ուժով միջանցք բացել, փորձագիտական շրջանակում այս մտավախությունն ամրանում է: Քաղաքագետ Արման Գրիգորյանը հիշեցնում է՝ Բաքուն վերջին ամիսներին առավել ինտենսիվ շփումների մեջ էր Թեհրանի և Թել Ավիվի հետ:
«Դժվար եմ պատկերացնում, որ այդ քննարկումների ժամանակ այսպես կոչված «Սյունիքի միջանցքի» հարցը չի քննարկվել, այսինքն՝ ինչ գին է պահանջել Ադրբեջանն այդ համագործակցության համար, ինչ երաշխիքներ է պահանջել այդ համագործակցության համար, բնականաբար դրանք Հայաստանի հաշվին ինչ-որ բաներ պիտի լինեին», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Իրանագետ Աննա Գևորգյանն էլ է կարծում՝ Ադրբեջանն այս առիթը կարող է օգտագործել, եթե Իսրայելի գրոհները վերաճեն լայնածավալ պատերազմի, քանի որ Իրանի տարածքով անցումը Ադրբեջանի մի տարածքից մյուսը՝ Նախիջևան, դառնալու է վտանգավոր:
«Ադրբեջանը կարող է խաղաքարտ ունենալ, կամ ինքը պարտադրված է լինում ստորագրել փաստաթուղթ Հայաստանի հետ, կարգավորել հարաբերությունները և լեգիտիմ իրավունք ունենալ Հայաստանի տարածքով անցում ունենալու, կամ, դա վատթարագույն սցենարն է, պարզապես առիթից օգտվելով փորձելու է ռազմական ճանապարհով այդ ճանապարհն ունենալ», - ասաց նա:
Սակայն Իրանի իշխանությունները բազմիցս և ամենաբարձր մակարդակով հավաստիացրել են, որ չեն հանդուրժի սահմանների փոփոխություն՝ պաշտպանելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչը, սակայն, ըստ փորձագետների, ամենևին չի նշանակում, որ Թեհրանը ռազմական աջակցություն կցուցաբերի Երևանին:
«Իրանի ներգրավման վերաբերյալ վերջին ամիսների ու տարիների իրենց գործողությունները ցույց են տալիս, որ ճիշտ հակառակը՝ ամեն ինչ տանում են, որ չներգրավվեն լայնածավալ պատերազմի մեջ», - նշեց Աննա Գևորգյանը:
«Ես կարծում եմ, որ Իրանի պարագայում դա լուրջ մտահոգություն է, և նրանք ուղղակի դա պտիչկա դնելու համար չեն ասում, բայց Իրանն առանց ՌԴ-ի հետ համագործակցության ու համաձայնության միայնակ նման միջամտության չի դիմի», - կարծում է Արման Գրիգորյանը:
Քաղաքագետները ոչ պակաս պակաս հավանական սցենար համարում են Իրանում ներազգային տրամադրությունների հրահրումը, հայ-իրանա-ադրբեջանական սահմանին են ապրում ադրբեջանական ծագմամբ իրանցիները:
Քաղաքագետների հետ հարցազրույցների ամբողջական տարբերակները՝ տեսանյութերում.