Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին։
Պուտինն ու Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը և ուկրաինական հակամարտության կարգավորումը։
Պուտինը դատապարտել է Իսրայելի գործողությունը Իրանի դեմ և լուրջ մտահոգություն հայտնել հակամարտության հնարավոր սրման վերաբերյալ։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը կոնկրետ քայլեր է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար։
ՌԴ և ԱՄՆ նախագահները չեն բացառել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային ուղուն վերադառնալը։
Պուտինը Թրամփին տեղեկացրել է Իսրայելի վարչապետի և Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցների մասին։ Դոնալդ Թրամփը նշել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը շատ մտահոգիչ է։
Ամերիկյան կողմը հեռախոսազրույցի մասին դեռ մանրամասներ չի հայտնել:
Իրանն ու Իսրայելը ողջ գիշեր ու նաև առավոտյան շարունակել են հրթիռային հարվածներ հասցնել իրար: Երկու երկիրն էլ հայտարարում է զոհերի ու վիրավորների մասին: