Լրագրող Վահե Մակարյանին ՊՊԾ աշխատակիցներն այսօր դուրս բերեցին Պաշտպանության հանձնաժողովի նիստից, ապա ուժով հեռացրեցին խորհրդարանից:
ՊՊԾ աշխատակիցները հրաժարվեցին որևէ բացատրություն տալ: Վահե Մակարյանն «Ազատությանն» ասաց, որ ինքը խորհրդարան է մուտք գործել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանի հայտով: Մանուկյանն այսօր մասնակցում էր Պաշտպանության հանձնաժողովի նիստին, որն էլ լուսաբանում էր Վահե Մակարյանը:
Ինչո՞ւ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտվեց և կոպիտ կերպով հեռացվեց խորհրդարանի շենքից. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանն «Ազատությանը» հայտնեց, - «Վահե Մակարյանը զբաղվել է ԱԺ-ում լրագրողական գործունեությամբ, որի իրավունքը չուներ: Քանի որ ինքը հավատարմագրումից զրկված է, այդ պատճառով էլ ՊՊԾ աշխատակիցները նրան հեռացրել են խորհրդարանից»:
Դիտարկմանը, որ լրագրողը պատգամավորի հայտով է խորհրդարան մտել, Հարությունյանն արձագանքեց, թե լրագրողը չէր կարող Գեղամ Մանուկյանի հայտով մասնակցել հանձնաժողովի նիստին: