ՀՀ-ն իր առջև խնդիր չի դրել՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու, ռուսական ռազմաբազան հեռացնելու

Երևանն իր առջև խնդիր չի դրել՝ Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու, ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքից հեռացնելու համար, այսօր Չեխիայում GLOBSEC 2025 ֆորումի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հարցերին։

«Գիտեք, որ մենք բարդ իրավիճակ ունենք մեր տարածաշրջանում։ Դուք նշեցիք, Հայաստանում ռուսական զորքերի առակայության մասին։ Բայց ես կուզեմ նշել, որ Հայաստանում է նաև եվրոպական դիտորդական առաքելությունը, որը հետևում է Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակին։ Եվ մյուս կողմից՝ անցած տարում մենք նվազեցրինք ռուսական զորքերի ներկայության աստիճանը, բայց մյուս կողմից մենք հիմա խնդիր չունենք մեր աջև դրված՝ վերջ դնելու ռուսական զորքի ներկայությանը Հայաստանում։ Մենք ունենք այլ խնդիր՝ կարողանալ տարածաշրջանի երկրների հետ հարատև և կայուն խաղաղություն հաստատել», - ասաց նա։

Սերբիայի նախագահի, Սլովակիայի ու Ավստրիայի նախկին արտգործնախարարների մասնակցությամբ քննարկմանը Փաշինյանն ընդգծեց՝ Երևանն իր արտաքին քաղաքականությունը բալանսավորում է, շատ սերտ համագործակցություն ունի նաև Եվրամիության հետ: Իսկ ԵՄ-ին լիիրավ անդամ դառնալու հարցին անդրադառնալիս վարչապետն ասաց, թե «Հայաստանին ոչինչ հետ չի պահում»՝ հիշատակելով վերջերս ընդունված Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքը։ Նա միևնույն ժամանակ փաստեց, որ ԵՄ լիիրավ անդամ դառնալու հայտ ներկայացնելու համար դեռ վաղ է։

«Մեր նպատակը միայն գնալն ու ԵՄ լիիրավ անդամ դառնալը չէ, դա մեկ այլ խթան է մեզ համար՝ շարունակելու և իրականացնելու մեր ժողովրդավարական օրակարգը: Մենք հույս ունենք, որ այն ժամանակ, երբ մենք կուղարկենք ԵՄ լիիրավ անդամ դառնալու հայտը, այն հիմնված կլինի մեր արժանիքների վրա, քանի որ մենք կկարողանանք իրականացնել ամբողջական և խորը ժողովրդավարական բարեփոխումներ», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ից հայտարարում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա. «Եվրաքվեից» հակադարձում են՝ եվրաինտեգրումը պետք է գնա առանց այս կառավարության

Հայաստանի վարչապետն ընդգծեց՝ Երևանում հասկանում են, որ ՀՀ-ն չի կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ և ինչ-որ պահի ապագայում պետք է որոշում կայացնի: Թե որ կառույցի օգտին կլինի այդ որոշումը, Փաշինյանի խոսքից պարզ չդարձավ:

«Հիմա ժամանակն է՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը»

Նա խոսեց նաև հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունից. «Վերջերս մենք Ադրբեջանի հետ կարողացանք դրական արդյունքով ավարտել բանակցությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Նկատի ունեմ՝ նախագիծը երկկողմ համաձայնեցրինք։ Եվ հիմա ժամանակն է՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, և մենք քննարկումների մենք ենք Ադրբեջանի հետ, թե ինչպես հասնել այդ կետին և ստորագրել խաղաղության պայմանագիրը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փաշինյանի կառավարությունը միայն զիջում է քարոզում». Դաշնակցությունից արձագանքում են վարչապետի ելույթին

Ավելի ուշ կայացած մեկ այլ քննարկման ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն պետք է փորձեն մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրն ու լուծարել Մինսկի խումբը։ Թեև տեքստի համաձայնեցումից 2.5 ամիս է անցել, Բաքուն հրաժարվում է ստորագրել համաձայնագիրը՝ պնդելով իր նախապայմանները: Ընդ որում՝ չնայած Սյունիքի գյուղերի ուղղությամբ ամենօրյա կրակոցներին՝ Փաշինյանը պնդեց՝ Երևանը տեսնում է, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության։

«Իմ կարծիքով՝ դա ժամանակի հարց է, և իհարկե, դա կախված է ավելի լայն տարածաշրջանային օրակարգից: Բայց ինչպես ես ասացի, մենք հավատարիմ կմնանք՝ հաստատելու կայուն և հարատև խաղաղություն մեր տարածաշրջանում։ Մենք վճառական ենք անելու աշխատանքի մեր մասը։ Բայց, իհարկե, ազնիվ կլինեմ, մենք տեսնում ենք ցանկությունը Թուրքիայի կողմից, և մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղությանը, և այստեղ որոշ նյուանսներ կան, հարցեր, որոնք մենք պետք է հասցեագրենք։ Վստահ եմ՝ մենք դա կանենք», - հավելեց նա։

Փաշինյանը հայտարարեց Անկարայի հետ ուղիղ և գրեթե ամենօրյա շփումների մասին

Անդրադառնալով Թուրքիայի հետ երկխոսությանը՝ Փաշինյանը հայտարարեց Անկարայի հետ ուղիղ և գրեթե ամենօրյա շփումների մասին։ Թե ինչ մակարդակում են այդ շփումները, և ինչու կողմերն այդ մասին չեն հաղորդում, չմանրամասնեց:

«Վերջին տարիներին մենք կարողացել ենք Թուրքիայի հետ հաստատել բավականին ակտիվ երկխոսություն։ Ես նախագահ Էրդողանի հետ մի քանի հանդիպումներ եմ ունեցել, որոնք կառուցողական են եղել։ Գետնին մենք չունենք բազմաթիվ շոշափելի ձեռքբերումներ։ Բայց երեք տարի առաջ, երբ Հայաստանը ցանկանար իմանալ՝ որն է Թուրքիայի դիրքորոշումը ինչ-որ հարցի վերաբերյալ, մենք պետք է խնդրեինք երրորդ կողմին Անկարայից ճշտել, որ այդ հարցի պատասխանը ստանայինք։ Բայց հիմա մենք ունենք ուղիղ և, եկեք ասեմ, ամենօրյա շփումներ։ Եվ ես հուսով եմ, և ես վստահ եմ՝ վերջնարդյունքում այս գործընթացը կտանի դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը, տնտեսական կապերի ստեղծմանը, և այլն», - ասաց նա։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները 2022 թվականին Վիեննայում պայմանավորվել էին սեղմ ժամկետներում ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար: Հայաստանն անգամ Մարգարայի անցակետը վերանորոգեց, բայց Թուրքիան մինչ այժմ սահմանը չի բացել, ավելին՝ պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը և հայ - թուրքական կարգավորումը պայմանավորում հայ-ադրբեջանականով: