Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ, անդրադառնալով Երևանի առաջ քաշած տարածաշրջանային ապաշրջափակման «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, այսօր հայտարարեց Իլհամ Ալիևի օգնականը: Հիքմեթ Հաջիևը «Գլոբսեք 2025» ֆորումի շրջանակներում մասնակցում էր Չինաստանը Եվրոպային կապող՝ Արևելք-Արևմուտք միջին միջանցքի թեմայով պանելային քննարկմանը։
«Դա հնարավոր է։ Մենք քննարկում ենք ... Մեր նպատակը չէ տեսնել մեկ այլ մեկուսացում, մարգինալիզացում տարաշաշրջանում, բայց միևնույն ժամանակ մենք ևս որոշ ակնկալիքներ ունենք Հայաստանից։ Ինչու ասացի, որ մի փոքր ուշացած է «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը։ 30 տարի Հայաստանն Ադրբեջանի Նախիջևան տարածքը մեկուսացման մեջ է պահել, մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ», - ասաց ադրբեջանցի պաշտոնյան:
Մինչ Երևանը Բաքվին հեշտացված ռեժիմով ճանապարհ է առաջարկում դեպի իր էքսկլավ Նախիջևան, Բաքուն շարունակում է պնդել անխոչընդոտ առանց ստուգումների՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը: Հայաստանն ի պատասխան հայտարարում է, որ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո:
Հաջիև ասաց՝ գիտի, որ հայ գործընկերներին բարկացնում է «միջանցք» բառը, կարող են նաև «անցուղի» տերմինն օգտագործել, բայց շարունակեց՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը նաև Հայաստանի համար նոր հնարավորություններ կստեղծի. - «Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են «միջանցք» բառից, ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք: Լավ, այն անվանեք «անցուղի», մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի մենք զրկված ենք եղել այդ հնարավորությունից: Հենց որ լինի Նախիջևանի հետ կապը, ես կարծում եմ, որ այստեղ կարող են բացվել այլ հնարավորություններ Հայաստանի համար ևս։ Բայց մենք ևս կուզենք տեսնել Հայաստանին որպես հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների մաս»։
Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան տարածաշրջանն ապաշրջափակելու հայկական կողմի առաջարկը փոքր ինչ ուշացած է որակեց, բայց համաձայնեց՝ Հայաստանը կարող է մաս կազմել տարածաշրջանային հիմնական տրանսպորտային հաղորդակցություների վերաբերյալ քննարկումներին։
«Երբ խոսվում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկի» մասին, տարբեր ձևակերպումներ կան, ես կասեի, որ դա մի փոքր ուշացած մոտեցում է։ Եվ երբ Ադրբեջանի տարածքներն օկուպացիայի տակ էին, մենք միշտ խոսում էինք հաղորդակցության մասին՝ որպես հակամարտության գործընթացի լուծման տարբերակ։ Հիմա հակամարտությունը լուծված է: Հաղորդակցության մեկ այլ բաղադրիչ է Արևելք-Արևմուտք միջին միջանցքը, և այստեղ անհրաժեշտ է անվտանգություն և կայունություն միջանցքի ամբողջական և արդյունավետ գործարկման համար»:
Չեխիայի մայրաքաղաքում ընթացող «Գլոբսեք 2025» ֆորումում երեկ Հայաստանի վարչապետն էր խոսել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից։ Փաշինյանը շեշտել էր, որ դա ենթադրում է նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան կապ։
«Երբ մենք խոսում ենք հարատև և կայուն խաղաղությունից, կարևոր է ստեղծել փոխադարձ կախվածություն: Լավագույն գործիքը դրա համար ենթակառուցվածքներն են, տնտեսությունը, փոխադրումների ուղիները և այլն», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Պրահայում Ադրբեջանի նախագահի օգնականը անդրադարձավ նաև երեք ամիս առաջ համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրման հարցին։ Հաջիևը դարձյալ պնդեց Բաքվի նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, որում տարածքային պահանջ են տեսնում, և ղարաբաղյան կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
«Իհարկե, մենք հասկանում ենք, որ սահմանադրական հարցերը ցանկացած երկրի ներքին գործն են, բայց երբ Սահմանադրության մեջ կա մեկ այլ երկրի վերաբերյալ տարածքային պահանջի հղում կա, դա մտահոգությունների տեղիք է տալիս»,- ասաց Հաջիևը:
Ֆորումի ընթացքում այս հարցին անդրադառնալիս՝ վարչապետ Փաշինյանը իր հերթին դարձյալ հայտարարել էր, որ Երևանը տարածքային պահանջները է տեսնում Ադրբեջանի Սահմանադրության մեջ, սակայն չի պնդում այն փոխել։ Քանի որ ըստ, Փաշինյանի, խաղաղության պայմանագրի ստորագրմամբ այդ հարցերը կարգավորովում են։
«Հայաստանը ևս ունի որոշ մտահոգություններ կապված Ադրբեջանի Սահմանադրության հետ, բայց մենք չենք բարձրացնում այդ հարցը։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք տեսնում ենք որ խաղաղության համաձայնեցված տեքստի նախագիծը, այդ խնդիրը մեր դեպքում ևս լուծված և որոշված է։ Այսպիսով, մենք պետք գնանք և ստորագրենք այդ համաձայնագիրը՝ լուծելու բոլոր այս հարցերը»,- նշել էր Փաշինյանը:
Չնայած Բաքվի նախապայմաններին, Սյունիքի սահմանային գյուղերի ուղղությամբ ադրբեջանական շարունակական կրակոցներին, Հայաստանի վարչապետն ասել էր, որ Երևանն ու Բաքուն պետք է փորձեն մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրն ու լուծարել Մինսկի խումբը։