Մատչելիության հղումներ

Շիրակի Ոսկեհասկ գյուղը քամուց ու կարկուտից ծանր վնասներ է կրել. փոխհատուցման հարցը դեռ անորոշ է


«Գնացի նայեմ՝ բան չկա դաշտի մեջ», - ասում է գյուղի բնակիչը:

Շիրակի Ոսկեհասկ գյուղում ընդամենը մի քանի օր առաջ լավ բերքի ակնկալիք ունեին, իսկ այսօր արդեն պարզ է, որ դաշտից ոչինչ տուն չեն տանի:

«Նամանավանդ հացահատիկը, գարին, ոչ մի բան, բոլորը, 100 տոկոսով, ոչ մի բան ընդհանրապես, ոչ մի բերք չունեն տուն տանելու, բոլորը 100 տոկոսով վնասված են, բոլորը», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանը:

Շիրակի մարզի մեկ տասնյակից ավելի բնակավայրեր են տուժել անցած շաբաթավերջի ուժեղ քամուց ու կարկուտից: Քամին Գյումրիում, Արթիկում ու մի քանի գյուղերում շենքերի ու տների տանիքներ է քշել-տարել, ծառեր արմատախիլ արել, որոշ գյուղերում էլ կարկուտը գյուղացուց շուտ է բերքը «քաղել»:

74-ամյա Սերյոժա Սերոբյանը մեկ էլ 74 թվականին է նման ավերածություն տեսել, բայց ասում է՝ այս անգամվանն ավելի սարսափելի էր: Առավոտյան է դաշտերում եղել ու սեփական աչքով տեսել կրած վնասը. - «Գնացի նայեմ՝ բան չկա դաշտի մեջ: Եկա անցա էս մարդու դաշտի կողքով, գիտեմ տեղը, որ էս մարդու դաշտը իմ կողքն ա, նայել եմ սաղ՝ սաղ նույն էս ձև, սև բաներ՝ ջարդած թափած»:

Հայկ Դանիելյանը վարկ էր վերցրել ու շուրջ 100 հեկտար տարբեր մշակաբույսեր ցանել:

«99 տոկոսով [բերքը վնասված է]», - «Ազատությանն» ասաց նա՝ նշելով, որ բավականին մեծ գումար էր ներդրել այդտեղ՝ «40-ից 50 միլիոն»:

Մխիթար Մանուկյանի եգիպտացորենի, գարու ու արևածաղկի դաշտերում նույնիսկ ցողունները կանգուն չեն մնացել. - «Էս է, վնասված է արդեն, պոկված է արդեն, ջարդված է: Արևածաղիկից ոչ մի բան չի մնացել, կարելի ասել: Ստեղ ներկա դրությամբ մեկ հեկտար ու կես է, բայց ունեմ էլի դաշտեր, որոնք հեռու են այստեղից, 5 հեկտար արևածաղկ, եգիպտացորեն, որոնցից ոչ մի բան չի մնացել»:

Հարցին, թե ի՞նչ են անելու, Մանուկյանն արձագանքեց. - «Ի՞նչ պիտի անենք, ոչ մի բան էլ չենք կարա անենք, սպասենք աջակցությանը: Եթե աջակցություն տվեցին, ինչ-որ բան կմտածենք, էլի, նորից վերացանքս, չգիտեմ՝ կարդարացնի՞ իրեն, թե՞ չէ, հասցնենք նորից մշակել, նորից արևածաղիկ ցանել»:

Ոսկեհասկում 1300 հեկտար հող են մշակում: Չմշակվող հող գրեթե չունեն: Գյուղացիները դժգոհում են, թե երաշտի փոխարեն լավ կանեին կարկտահարությունից ապահովագրեին:

«Կարկտահարությունը եթե լիներ, դա բոլորս էլ կգիտակցեինք, կանեինք, կհամաձայնեինք էդ կողմից, բայց էդ կետը չկար: Եթե լիներ, արած լինեինք, էսօր ոչ ոքի չէինք դիմի ու կսպասեինք մեր արած փոխհատուցումը, ասենք, Կառավարությունը տար: Էդ կետը չի եղել, էսօր ժողովուրդը մեղք չունեն: Եթե կետ լիներ, չօգտվեինք, էդ արդեն հարցի մյուս կողմն էր», - ընդգծեց Հայկ Դանիելյանը:

Իսկ հակակարկտային կայանները կրակել են: Ոսկեհասկի վարչական ղեկավարն է ասում՝ կրակել են, բայց օգուտ չի տվել. - «Նույնիսկ մի ժամուկես շուտ, կրակել ենք, բայց օգուտ չի տվել հակակարկտայինը: Դե ձևավորված եկել է արդեն, չի կարողացել, էլի, հակակարկտայինը էդ ... Ճիշտ է, օգուտ տալիս է ինքը, բայց էդ խոշորությամբ կարկուտին չի կարող, էլի»:

Ինքն էլ է տուժել, եթե կարկուտ չլիներ, ապա հեկտարից մինչև 70 ցենտներ բերք էր ունենալու: «25 հեկտար էլ իմն էր, ոչ մի բան չի մնացել, մոտ 7 միլիոնի էլ ծախս եմ արել՝ պարարտանյութով, իր թունաքիմիկատներով, սերմերով էլիտար», - ասաց Մուշեղ Սահակյանը:

Հիմա համայնքներում հաշվառում են, թե ով որքան վնաս է կրել: Ամեն դեպքում, գյուղացին հասցված վնասից միայնակ մեջքը դժվար շտկի:

«Չէ, չէ: Տեսեք, հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ Կառավարությունը մեզ օգնի, աջակցի, ամեն ինչ: Ոսկեհասկցու էս վնասի հետ կապված, ոչ մի տարածաշրջան ես չեմ պատկերացնում, որ էսպես վնաս է կրել, ինչ որ ոսկեհասկցին է կրել», - շեշտեց գյուղի վարչական ղեկավարը:

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ասաց՝ վնասը կգույքագրեն, Կառավարությանը կներկայացնեն:

«Գույքագրում ենք բոլոր խնդիրները, ինչ տեղի են ունեցել, ֆինանսական հաշվարկներն են արվում՝ թե՛ շենք-շինությունների, թե՛ ցանքատարածքները: Արդեն մի քանի օր հետո մենք կունենանք համայնքներից ստացած պատկեր, ըստ այդմ՝ ամբողջական մարզի պատճառված վնասը կունենանք ու, բնականաբար, կուղարկենք Կառավարություն ու մեր Կառավարության գործընկերների հետ կսկսենք բանակցել արդեն լուծումների համար», - «Ազատության» հետ զրույցում նշեց Առուշանյանը:

Կառավարությունից ասել են՝ հաշվառեն վնասը, տվյալները մշակեն, բայց փոխհատուցում կլինի, թե՝ ոչ, մարզպետը դժվարացավ ասել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG