30-ից ավելի ժամ է, ինչ Հայաստանի վարչապետը ոչինչ չի գրել Ամենայն Հայոց կաթողիկոսի փոփոխության մասին։ Նա անգամ չի արձագանքել առաջին նախագահի գրառմանը, որում Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանին ազգադավ ու սրբապիղծ է անվանում։ Անուղղակի արձագանքել է վարչապետի տիկինը «Կրթվելը նորաձև է» շարժման գաղափարախոսության կոնտեքստում։
«Դու կարող ես գիտությունների դոկտոր լինել, նույնիսկ մի քանի մեռած լեզու իմանալ, բայց այնքան չինքնահաստատված ոչնչություն մնալ, որ կյանքի մայրամուտին, երբ պետք է որ հասած լինեիր իմաստնության գագաթնակետին, քո ամենաուժեղ կողմը շարունակի մնալ մարդկանց ծաղրելն ու վիրավորելը։ Հետո ասում են՝ վարչապետի տիկինը մեզ վիրավորում է՝ օ՜յ, ինչպիսի՜ բարքեր», - գրել է Աննա Հակոբյանը սոցցանցում։
Այս օրերին Մայր Աթոռում պատրաստվում են Արարատյան շաբաթվան, 5 եկեղեցական տոներ են առջևում, որը կեզրափակվի հունիսի 22-ին՝ պատարագով։ Ըստ Էջմիածնի հաղորդագրության՝ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռի անսասանության և հավետ պայծառության համար։
«Հիմա չկա Վեհափառ, կաթողիկոս Հայ Առաքելական եկեղեցու, Հայ առաքելական եկեղեցում իրեն կաթողիկոս այս պահին համարող մարդը խախտել է կուսակրոնության ուխտը, այդ մարդն ունի անհամատեղելիություն կաթողիկոսի կարգավիճակի հետ», -հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
Նիկոլ Փաշինյանը մի քանի օր է՝ կաթողիկոսին Կտրիճ Ներսիսյան աշխարհիկ անունով է դիմում, նրա թիմակից Ալեքսանյանը չի կասկածում՝ վեհարանը առաջիկայում կազատվի. «Կտրիճ Ներսիսյանն ինքը առաջիկայում, շատ լավ հասկանալով, անձամբ դուրս է գալու Վեհարանից, որովհետև Վեհարանը վեհի տեղն է»։
Շուրջ կես ամիս կաթողիկոսի փոփոխության՝ հանրային դաշտը փոթորկած հարցը Հանրային խորհրդում է քննարկման թեմա դարձել։ Ըստ կառույցի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ խորհրդակցություն են հրավիրել՝ նկատի առնելով Հայաստանի իշխանությունների և հոգևոր դասի որոշ շրջանակների միջև առկա տարաձայնությունները։ Ստեղծված վիճակի հանգուցալուծումը տեսնում են բացառապես իրավական հենքի վրա։
«Ըստ այդմ, եկեղեցին և հոգևորականները պետք է ցուցաբերեն քաղաքական չեզոքություն, իսկ պետությունն իր հերթին պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց», - ասված է խորհրդի հայտարարության մեջ:
Հայաստանի քաղաքացիների մեծ մասն էլ կաթողիկոսի փոփոխության անսպասելի հարցը ոչ թե հավատացյալներին վերաբերող հավատքի խնդիր է համարում, ինչպես Փաշինյանն է նշում, այլ՝ քաղաքական հարց։
Մանրամասները՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.