Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ նիստը, որ այսօր հրավիրված էր համայնքի ղեկավար ընտրելու հարցով տապալվեց: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստին չներկայացած, և հենց քվորումի բացակայության պատճառով այն չկայացավ:
ՔՊ-ից ավելի վաղ հայտարարել էին, որ չեն ներկայանալու և՛ այս, և՛ հաջորդ նիստին, որպեսզի կրկին տապալվի համայնքի ղեկավարի ընտրությունը, և առաջիկայում վարչապետը ժամանակավոր պաշտոնակատար նշանակի:
Նիստին ներկա ընդդիմադիր խմբակցություններից «Էջմիածին» կուսակցությունների դաշինքից Սևակ Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում անթույլատրելի համարեց իշխող խմբակցության, նաև կառավարող ՔՊ կուսակցության այս մարտավարությունը:
«Հետապնդում են միայն քաղաքական նպատակներով այսպիսի գործողություններ, որ ենթադրելու է Խոյ համայնքի միացումը Վաղարշապատ համայնքին, և տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Դիտարկում եմ որպես քաղաքական քմահաճույք», - ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն թեկնածու ունի: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն «Ազատության» հետ զրույցում հայտնել էր, որ թեկնածուն Արմավիրի գործող մարզպետ Արգիշտի Մեխակյանն է:
Մարզպետն արդեն համաձայնել է պաշտոնի փոփոխությանը: Բայց դա հնարավոր կդառնա միայն այն բանից հետո, երբ Վաղարշապատը խոշորացվի՝ ընդգրկելով նաև Խոյ համայնքը, որը ներառում է 17 գյուղ: Մեխակյանը հենց այս համայնքից է, մոտ երեք տարի էլ ղեկավարել է այն: Չնայած այս հստակ սցենարին, Դավիթ Խուդաթյանն այսօր պնդեց՝ համայնքների խոշորացման պատճառը Մեխակյանի առաջադրումը չէ:
«Քաղաքացիական պայմանագիրը» ունի կայացրած որոշում, որ գնում է արտահերթ ընտրությունների, որը զուգահեռվելու է համայնքների միավորմամբ, և դրա համար կա անհրաժեշտ ընթակարգմ այն է՝ երկու անգամ անընդմեջ համայնքի ղեկավար չընտրվի», - ասաց նա, հավելելով, - «Մեր օրենսդրությունն ունի հետևյալ պարտադրանքը, որ առաջադրվող թեկնածուն պետք է լինի տվյալ համայնքի բնակիչ: Պարոն Մեխակյանը Խոյ համայնքի բնակիչ է, միավորման դեպքում Վաղարշապատ և Խոյ համայնքները դառնում են մեկ համայնք, և այս տրամաբանության մեջ, այո, օրենքի կարգավորումները թույլ են տալիս պարոն Մեխակյանին առաջադրվել: Տրամաբանությունը հետևյալն է՝ մենք օրենքը չենք հարմարեցնում թեկնածուին»:
Վաղարշապատը մեկ ամիս է՝ համայնքապետ չունի: Նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը հեռացավ առանց բացատրությունների՝ պնդելով, թե դա անձնական որոշում է: Գասպարյանի ընտանիքի անդամները մինչդեռ նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվել՝ հիմնականում կոռուպցիոն բնույթի:
Մանրամասները՝ տեսանյութում.