Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը ձերբակալված է. կներկայացվի կալանքի միջնորդություն


Հովիկ Աբրահամյանը Հայաստանի վարչապետի պաշտոնում, հունիս, 2016թ.
Հովիկ Աբրահամյանը Հայաստանի վարչապետի պաշտոնում, հունիս, 2016թ.

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հնարավոր է կալանավորվի: «Ազատության» տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեից այդ հարցով դատարան միջնորդություն կներկայացնեն: Նախկին վարչապետն այսօր կեսօրին ձերբակալվեց, կոմիտեի փոխանցմամբ, նրան մի քանի՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել:

Սա մինչ այս պահը միակ տեղեկությունն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է: Քրեական գործից այլ մանրամասներ հայտնի չեն, տեղեկություն օրվա ընթացքում չհաջողվեց ճշտել նաև Հովիկ Աբրահամյանի փաստաբան Երեմ Սարգսյանից, նա ողջ օրվա ընթացքում զանգերին չպատասխանեց:

Աբրահամյանը, որ երկար տարիներ եղել է Հանրապետական կուսակցության անդամ, զբաղեցրել բարձր պաշտոններ, 2017-ից Հանրապետականի անդամ չէ:
2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկավ « Քաղաքացիական պայմանագիրը», Աբրահամյանը հենց նույն տարում հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում: Այն ժամանակ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել և Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար, բայց նախկին վարչապետն այն ժամանակ ոչ ձերբակալվել, ոչ էլ կալանավորվել էր: Նրան միայն արգելել էին լքել երկիրը: Աբրահամյանն այն ժամանակ պնդել էր, թե գործը շինծու է, և իրեն հետապնդում են իշխանությանը քննադատելու համար:

18 թվականի այս իրադարձություններից հետո 67-ամյա Աբրահամյանը երբեք աչքի չի ընկել հանրային ակտիվությամբ, լռություն է պահպանել:

2023-ին Դատախազությունը ևս մի քրեական գործի մասին էր հայտնել: Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել այն նույն հոդվածներով, ինչպես այսօր՝ փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում և ապօրինի ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցություն: Դատախազությունն այն ժամանակ հաղորդել էր, որ 2006-ից մինչև 2016 թվականը լինելով պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքը:

Թե ինչ փուլում են այս քրեական գործերը և արդյոք կապ ունեն այս նոր գործի հետ, Դատախազությունից «Ազատությանն» առաջարկեցին հարցերն ուղղել գրավոր: Հստակ է միայն այն, որ 7 տարի առաջ հարուցված գործերը դատարան չեն հասել:

Թեև քրեական գործերի ելքերն անորոշ են, զուգահեռ Դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման հայց է ներկայացրել դատարան: Պահանջում են Աբրահամյանից և նրա ընտանիքից բռնագանձել 59 գույք, 20 ընկերության բաժնետոմսեր, 11,3 միլիոն դոլար: Այս հայցն էլ դատարանը քննում է 2023-ից, բայց որոշում դեռ չկա:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG