Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում շաբաթ օրը զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, մինչ Վաշինգտոնում այդ ընթացքում ռազմական շքերթ էր ընթանում՝ նվիրված ԱՄՆ բանակի կազմավորման 250-ամյակին։
Ակցիաները կազմակերպել է «Ոչ մի թագավոր» (No Kings) անունով խումբը, որը պնդում է, թե Թրամփը գերազանցել է նախագահական լիազորությունները իր երկրորդ ժամկետի ընթացքում, տեղեկացնում է BBC-ին։ Ըստ կազմակերպիչների՝ անցկացվել են բողոքի հարյուրավոր ակցիաներ, որոնց միլիոնավոր մարդիկ են մասնակցել՝ ծածանելով ԱՄՆ դրոշներ և պարզելով Թրամփին քննադատող պաստառներ։
Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Հյուսթոնում և մի շարք այլ քաղաքներում ցույցերի ժամանակ ելույթ են ունեցել օրենսդիրներ, արհմիությունների առաջնորդներ և ակտիվիստներ։ Ամենամարդաշատ ցույցերից մեկը եղել է Լոս Անջելեսում, որտեղ անցած մի քանի օրերին զանգվածային ակցիաներ էին սկսվել ապօրինի ներգաղթյալներին երկրից վտարելու՝ միգրացիոն ծառայության գործողությունների դեմ։
Լոս Անջելեսի Դաշնային շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և Ազգային գվարդիայի զինվորների միջև, որոնք տեղակայվել էին միգրացիոն ծառայության գործողություններից հետո։ Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել ցույցը ցրելու համար։ Ինչպես հաղորդում է CNN-ը, Լաս Վեգասում ոստիկանությունը 15 ցուցարարի է ձերբակալել։ Սոլթ Լեյք Սիթիում երթի ժամանակ կրակոցներ են հնչել, ինչից հետո երեք մարդ է ձերբակալվել։
Վաշինգտոնում ռազմական շքերթի ժամանակ Դոնալդ Թրամփը կարճ ելույթ է ունեցել՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին իրենց ծառայության համար։ Նա ասել է, որ ամերիկացի զինվորները երբեք չեն հանձնվում։ «Նրանք կռվում են, կռվում, կռվում։ Եվ նրանք հաղթում են, հաղթում, հաղթում»,- ասել է նախագահը։
ԱՄՆ-ում վերջին անգամ ռազմական շքերթ կազմակերպել էր նախագահ Ջորջ Բուշ ավագը1991 թվականի հունիսին՝ նշելով Պարսից ծոցի պատերազմում ԱՄՆ հաղթանակը։
Որոշ քաղաքական գործիչներ և նախկին զինվորական ղեկավարներ քննադատել են շքերթը կրկնելու Թրամփի որոշումը՝ այն համարելով թանկարժեք ու անիմաստ նախագիծ: Բանակի տվյալներով՝ միջոցառման համար ծախսվել է 25-ից 45 միլիոն դոլար: Սակայն շքերթին ներկաներից շատերը BBC-ին ասել են, որ իրենց համար դա հնարավորություն էր՝ տոնելու բանակի կազմավորման տարեդարձը, որի հետ նրանցից շատերը խորը կապ ունեն:
Չնայած Թրամփի վերընտրվելուց ի վեր բողոքի ամենամեծ ալիքին, հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ նրա միգրացիոն քաղաքականությունը շարունակում է մեծ աջակցություն ունենալ հանրության շրջանում։
Անցյալ շաբաթ CBS/YouGov-ի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների 54%-ը հավանություն է տվել ապօրինի ներգաղթյալներին վտարելու նրա քաղաքականությանը, դեմ է եղել 46%-ը։ Հարցվածների մեծ մասը (42%) նշել է, որ Թրամփի ծրագիրն իրենց ավելի անվտանգ է դարձնում, իսկ 53%-ը նշել է, որ նա առաջնահերթություն է տալիս վտանգավոր հանցագործների արտաքսմանը։