Իսրայելում , ըստ BBC-ի, շատերն են ցնցված Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակումների երկու ալիքներից, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Պաշտոնյաները վերջին ժամերին պարբերաբար հայտարարում են, որ առջևում դժվարին օրեր են սպասվում, և որ Իրանի դեմ հարձակումները կշարունակվեն, թերևս՝ մի քանի շաբաթ. «դրա վերջնական նպատակը, սակայն, մնում է անհայտ», փաստում են արևմտյան լրատվամիջոցները։
Երեկ երեկոյան Իսրայելի վարչապետ Նեթանյահուն սպառնացել է՝ մինչ օրս իրականացված հարվածները «ոչինչ են այն ամենի համեմատ, որ Իրանը կտեսնի առաջիկա օրերին»։
Վարչապետի քննադատները մինչդեռ պնդում են՝ դիվանագիտությունն է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու միակ ճանապարհը։
Իսրայելի հարվածներից հետո Իրանը չեղարկեց ԱՄՆ-ի հետ բանակցությունների վեցերորդ փուլը, որը պետք է կայանար այսօր Օմանի մայրաքաղաքում։ Իրանի արտգործախարար Աբբաս Արաղչին այսօր ասել է, որ որևէ քննարկում չի լինի, քանի դեռ Իսրայելը «բարբարոսական հարձակումներ է իրականացնում»:
Իսրայելում զոհերի թիվը հասել է 10-ի
- Հեղինակ՝ Սասուն Խաչատրյան
Իսրայելի վրա գիշերը Իրանի իրականացրած հրթիռային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, հաղորդում են իսրայելական պաշտոնական աղբյուրները։
Ըստ Ոստիկանության տվյալների՝ Թել Ավիվից հարավ գտնվող Բաթ Յամ քաղաքում վեց մարդ է սպանվել, այդ թվում՝ երկու երեխա։ Յոթ մարդ անհետ կորած է համարվում։
Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ չորս մարդ էլ սպանվել է արաբական Թամրա քաղաքի վրա հարձակման հետևանքով։
Իսրայելը հորդորում է իրանցիներին տարհանվել
Իսրայելը տարհանման նախազգուշացում է տվել Իրանի միջուկային ռեակտորների մոտակայքում բնակվողներին։ X-ում պարսկերենով արված գրառման մեջ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը նշել է՝ «Բոլորը, որ գտնվում են ... ռազմական զենքի արտադրության գործարաններում, դրանց օժանդակ հաստատություններում կամ շրջակայքում, պետք է անհապաղ լքեն այդ տարածքները և չվերադառնան մինչև հետագա ծանուցում։ Ձեր ներկայությունը այս ենթակառուցվածքների կողքին վտանգի է ենթարկում ձեր կյանքը»։