Հայաստանը Ռուսաստանի հետ հարբերությունները խզելու խնդիր չի դրել իր առջև, Չեխիայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասացի, որ վերջերս մեր խորհրդարանն ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքը։ Հիմա մենք շատ մոտ համագործակցություն ունենք Եվրամիության հետ։ Բայց մյուս կողմից՝ մենք խնդիր չունենք մեր առջև դրված՝ խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է, և հավասարակշռվում է։ Եվ դա մեր ռազմավարությունն է», - նշել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետն ընդգծել է նաև՝ «մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ, և ինչ-որ պահի ապագայում մենք պետք է որոշում կայացնենք»:
Հայաստանի խորհրդարանը մարտին ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: Հայ-ռուսական լարվածության համար լրացուցիչ պատճառ դարձած ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումից հետո Մոսկվայից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են՝ Երևանը պետք է ընտրի կա՛մ ԵԱՏՄ-ն, կա՛մ ԵՄ-ն:
Վարչապետն ընդգծել է՝ մենք հիմա խնդիր չունենք մեր առջև՝ վերջ դնելու ռուսական զորքի ներկայությանը Հայաստանում
«Գիտեք, որ մենք բարդ իրավիճակ ունենք մեր տարածաշրջանում։ Դուք նշեցիք, Հայաստանում ռուսական զորքերի առկայության մասին։ Բայց ես կուզեմ նշել, որ Հայաստանում է նաև Եվրոպական դիտորդական առաքելությունը, որը մոնիտորինգ է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակը։ Եվ մյուս կողմից՝ անցած տարում մենք նվազեցրինք ռուսական զորքերի ներկայաության աստիճանը, բայց մյուս կողմից մենք հիմա խնդիր չունենք մեր աջև դրված վերջ դնելու ռուսական զորքի ներկայությանը Հայաստանում։ Մենք ունենք այլ խնդիր՝ կարողանալ տարածաշրջանի երկների հետ հարատև և կայուն խաղաղություն հաստատել, - ընդգծել է Փաշինյանը։
Նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագիծը, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ հիմա ժամանակն է՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը:
«Մենք քննարկումների մեջ ենք Ադրբեջանի հետ, թե ինչպես հասնել այդ կետին և ստորագրել խաղաղության պայմանագիրը», - հավելել է նա։
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում: